1. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Տեղեկանքը ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից և կնքվում գործակալության եռալեզու կնիքով:
2. ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղեկանքը տրամադրվում է
– հայերեն (ձև N 1 բնօրինակ կնիքով և ստորագրությամբ), (ձև N 1 էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ)
– հայերեն-անգլերեն (ձև N 2 բնօրինակ կնիքով և ստորագրությամբ), (ձև N 2 էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ)
– հայերեն-ռուսերեն (ձև N 2 բնօրինակ կնիքով և ստորագրությամբ), (ձև N 2 էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ)
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքները (ձև N 1, ձև N 2) պատրաստվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով և տրամադրվում են փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ ըստ դիմողի ցանկության:
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու մասին դիմումը կարող է ներկայացվել ինչպես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, այնպես էլ www.e-services.moj.am էլեկտրոնային հարթակի միջոցով (Մանրամասները՝ այստեղ):
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում դիմում ներկայացնելիս տեղեկանքը դիմողին տրամադրվում է փաստաթղթային տարբերակով՝ առնձեռն:
www.e-services.moj.am էլեկտրոնային հարթակի միջոցով դիմում ներկայացնելիս տեղեկանքը կարող է տրամադրվել դիմողին փաստաթղթային տարբերակով՝ առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով դիմողի էլեկտրոնային հասցեին: Տեղեկանք ստանալու ձևը և տարբերակը դիմողի կողմից ընտրվում է էլեկտրոնային դիմում ներկայացնելիս:
4. Տեղեկանքի փաստաթղթային տարբերակը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության բնօրինակ կնիքով և ՔԿԱԳ գործակալության պետի (կամ ժամանակավոր պաշտոնակատարի) ստորագրությամբ:
Տեղեկանքի Էլեկտրոնային տարբերակը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության էլեկտրոնային կնիքով և ՔԿԱԳ գործակալության պետի (կամ ժամանակավոր պաշտոնակատարի) էլեկտրոնային ստորագրությամբ:
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների վերը նշված երկու տարբերակները ունեն հավասար իրավաբանական ուժ: (*Ծանուցում․ էլեկտրոնային ստորագրությամբ և կնիքով տեղեկանքները տրամադրվում են 2020 թվականի հունիսի 4-ից)։
Մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք: Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Նույն համարի ներքո տրամադրվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքի կրկնօրինակ չի տրամադրվում: Տեղեկանքը կորցնելու դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում:
Տեղեկանք ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն կարող է դիմել․
– Անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ
– Հայցողի կողմից լիազորված անձը։
Լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարություն անհրաժեշտ է ներկայացնել
– Լիազորողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
– Լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը,
– Լիազորագիր և լիազորողի կողմից տրված հայտարարությունը ) /հայտարարության և լիազորագրի օրինակելի ձև/։
5. Տեղեկանքը տրամադրվում է դիմում ներկայացնելուց հետո 7-րդ աշխատանքային օրը:
ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիներին վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը:
6. Տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետևյալ պետական տուրքերը և արտաբյուջետային վճարումները.
ա. 7 աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ
բ. ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում՝ 16 000 դրամ
Հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի վերը նշված «ա» և «բ» կետերում նշված վճարներից, գանձվում է ևս 5000 ՀՀ դրամ։
Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 (կամ 10) աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում ըստ օրերի՝
– երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 12 000 ՀՀ դրամ
– երրորդ աշխատանքային օրը՝ 8 000 ՀՀ դրամ
– հինգերորդ աշխատանքային օրը՝ 5 000 ՀՀ դրամ
Տեղեկանքը տրամադրելու ժամկետի կրճատման համար նախատեսված վճարումները չեն ներառում «ա» և «բ» կետերում նշված և հայերեն-անգլերեն (կամ հայերեն-ռուսերեն) տարբերակով տեղեկանքի տրամադրման համար նախատեսված վճարումները:
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների վրա զետեղվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող 16 նիշանոց համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը (QR code): Տեղեկանքների իսկության ստուգումը կատարվում է դրանց վրա ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում (www.e-verify.am) կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով: (*Ծանուցում․տեղեկանքը պատրաստվում է Էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով 16 նիշանոց համարանիշով և արագ արձագանքման ծածկագրով 2020 թվականի մարտի 20-ից)։
www.e-services.moj.am էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկանք ստանալու դիմում ներկայացնելիս հայցողին հնարավորություն է ընձեռնվում տեղեկանքը ստանալ ապոստիլով վավերացված տարբերակով: Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու ցանկության դեպքում, վերը նշված հարթակի միջոցով դիմում լրացնելիս համապատասխան դաշտում այդ մասին դիմողի կողմից պետք է կատարվի նշում:
Ապոստիլով վավերացված տեղեկանքը տրամադրվում է երկու աշխատանքային օր հետո: Նշված ժամկետը հաշվարկվում է տեղեկանքը տրամադրելու համար սահմանված ընդհանուր և վճարովի ծառայության միջոցով կրճատված ժամկետներից հետո, եթե այդպիսիք առկա են: Տեղեկանքը ապոստիլով վավերացնելու համար գանձվում է պետական տուրք 5 000 ՀՀ դրամի չափով: Մեկ օրա ընթացքում ապոստիլով վավերացված տեղեկանքը ստանալու համար գանձվում է պետական տուրք 13 000 ՀՀ դրամի չափով (5 000 և 8 000 ՀՀ դրամ)
Դիմումները ընդունվում են ՀՀ արդարադատության նախարարության ընդունարանում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:30-ից 12:00-ը և 15:00-ից 16:30-ը: Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:
Հավելենք նաև, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքները տրամադրվում են նաև օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկների կողմից:
Աղբյուր՝ ՀՀ Արդարադատության նախարարություն