Դպրոցական նախապատրաստության ընթացքում բավական մեծ գումար է ծախսվում, իսկ եթե առևտուրն արվում է առանց որոշակի մոտեցման, ապա այդ գումարը կրկնակի, եռակի անգամ շատանում է։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հստակ պատկերացնել, թե ի՞նչ է անհրաժեշտ գնել։
Մենք պատրաստել և Ձեզ ենք ներկայացնում այդ դժվար գործի փոքրիկ ուղեցույցը։
Պայուսակ
Առաջին հերթին երեխային անհրաժեշտ է պայուսակ։ Եթե փոքրիկի պայուսակը մաշվել է կամ երեխան հոգնել է նույն պայուսակից, ապա ստիպված պետք է պայուսակ գնեք։ Ամեն դեպքում, երեխան իրեն լավ կզգա ուսումնական տարին նոր պայուսակով սկսելուց։
Դասագրքերի, տետրերի, գրչատուփի ևւ սննդի ծանրությունը երեխան ամեն օր պետք է տանի դպրոց։ Պատկերացրեք, ինչ ծանրաբեռնվածություն է ընկնում երեխայի ողնաշարին ու ուսերին։ Այդ իսկ պատճառով մեկ ուսին գցովի պայուսակից ցանկալի է անմիջապես հրաժարվել։ Այդ պայուսակները ազդում են երեխայի կառուցվածքի վրա և հանգեցնում մեջքի ցավերի։ Նպատակահարմար է գնել ուսապարկի նման պայուսակ, որը երեխան կկրի երկու ուսերի վրա։
Ամենալավ տեսակները օրթոպեդիկ թիկնակով պայուսակներն են, որոնք ձևավորում են երեխայի ճիշտ կեցվածքը։ Ինչպես մնացած դպրոցական իրերը, պայուսակը ևս շատ արագ կկեղտոտվի։ Դրա համար ընտրեք այնպիսի պայուսակներ, որոնց գույները շատ բաց չեն և որոնք հեշտությամբ են մաքրվում։
Գրենական պիտույքներ
Գրենական պիտույքներն անհրաժեշտ են բոլոր աշակերտներին։ Ցանկալի է ցուցակ կազմել և ըստ այդ ցուցակի կատարել գնումները, որպեսզի ոչինչ չմոռացվի։
Դպրոցում երեխային անհրաժեշտ են.
- Գրիչներ, մատիտներ, ֆլոմաստեր
- Ուղիղ և եռանկյուն քանոններ
- Կարկին
- Օրագիր
- Տետրեր
- Չոր սոսինձ
- Ռետին
- Սրիչ
- Թղթապանակ տետրերի համար
- Կազմեր տետրերի և դասագրքերի համար
- Բութ ծայրերով մկրատ
- Գրչատուփ, որը ցանկալի է լինի մեծ և մի քանի հատվածներով
- Նկարչական ալբոմ, գունավոր թուղթ, ծեփամածիկ (պլաստիլին), ներկեր և վրձին։
Դպրոցներում երբեմն ուսումնական ծրագրերը տարբեր են լինում և դրա հետ կապված հենց ուսուցիչներն են կազմում այն պիտույների ցուցակը, որն անհրաժեշտ է լինելու աշակերտին։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում նախօրոք խորհրդակցել երեխայի ուսուցչի հետ։
Դպրոցական հագուստ
Տարբեր դպրոցներում աշակերտները կարող են տարբեր կերպ հագնվել։ Որոշ դպրոցներում հնարավոր է դպրոցական համազգեստ ընդունված լինի, իսկ որոշներում՝ ոչ։ Այն դպրոցներում, որտեղ համազգեստ չկա, խորհուրդ է տրվում երեխայի համար հագուստը գնել խիստ ոճի մեջ։ Այսինքն, աղջիկներին անհրաժեշտ են շրջազգեստ, կիսաշրջազգեստ, վերնաշապիկ, բաճկոն, իսկ տղաներին՝ տաբատ,
վերնաշապիկ, ժիլետ, բաճկոն։
Երեխայի մարմնին անմիջական դիպչող հագուստն անհրաժեշտ է ամեն օր փոխել։ Այդ իսկ պատճառով վերնաշապիկները գնեք առնվազն 2 հատ։ Կիսաշրջազգեստն ու տաբատը պետք է լինեն մուգ երանգների մեջ, իսկ վերնաշապիկները՝ բաց։
Կոշիկները ցանկալի է լինեն օրթոպեդիկ և հարմարավետ։ Աղջիկների համար կարելի է գնել փոքր կրունկով կոշիկներ, որոնք ոչ միայն գեղեցիկ տեսք կհաղորդեն աղջնակին, այլ նաև թույլ չեն տա հարթաթաթության զարգացմանը։
Երեխաները դասամիջոցների ժամանակ շատ են վազվզում։ Դրա համար պետք է, որ կոշիկը չսղա։ Եթե, այնուամենայնիվ, նման կոշիկ եք ընտրել, ապա կոշկակարը կարող է հատուկ նյութ կպցնել կոշկի տակը, որպեսզի այն չսահի։
Բացի ամենօրյա հագուստից, աշակերտին անհրաժեշտ է սպորտային համազգեստ։ Պետք է նաև գնել որակյալ սպորտային կոշիկներ, որոնց շնորհիվ երեխան հնարավորինս կխուսափի վնասվածքներից։
Ընդմիջման տուփ
Երեխաները սովորաբար իրենց ընդմիջման սնունդը տանից են վերցնում։ Դրա համար նրանց անհրաժեշտ է սննդի տուփ։ Այն իրենից ներկայացնում է փոքրիկ պլաստմասսե տուփ, որն ունի մի քանի բաժանմունք։
Ցանկալի է նաև երեխայի հետ դնել նաև շշով ջուր։
Բջջային հեռախոս
Յուրաքանչյուր ծնող երեխային բջջային հեռախոս տալու տարիքը ինքն է որոշում։ Որոշ ծնողներ հեռախոս երեխային տալիս են հենց առաջին դասասրանից։ Սովորաբար երեխաների համար նոր հեռախոսներ չեն գնում, այլ փոխանցում հին-օգտագործված հեռախոսները։ Սակայն, եթե Դուք որոշել ենք երեխայի համար գնել նոր բջջային հեռախոս, հաշվի առեք հետևյալը.
- Հեռախոսը պետք է հասարակ լինի։ Երեխայի ձեռքից այն հաճախ կընկնի։
- Ընտրեք մատչելի մոդելներ, քանի որ երեխան կարող է դա կորցնել։
- Հեռախոսի գլխավոր հատկությունները պետք է լինեն զանգեր և կարճ հաղորդագրություններ ընդունելն ու ուղարկելը, մարտկոցի երկար աշխատանքը։
Եվ իհարկե, երեխայի բարձր տրամադրությունն ապահովելու համար սեպտեմբերի 1-ին մի մոռացեք գեղեցիկ ծաղկեփունջ գնել ուսուցչի համար։
Աղբյուր՝ Փոքրիկ.am