Փոքրիկ ու փամփլիկ այս կենդանիները մեր տուն մտնելով, սովորում են ապրել մեր հետ։ Ու եթե մայր կատուն դեռ չի հասցրել նրան ճիշտ տեղում հոգալ կարիքները, պետք է զինվել համբերությամբ ու հենց առաջին օրից սկսել կատվիկին սովորեցնել տաշտին։
Քայլ 1
Նախ և առաջ անհրաժեշտ է ձեռք բերել տաշտ և լցանյութ։ Իսկզբանե պետք չէ ձեռք բերել բարձր տաշտ, փոքրիկ փիսիկի համար դժվար կլինի բարձրանալ դրա վրա։ Հստակ որոշեք տան այն անկյունը, որտեղ պետք է միշտ տեղադրված լինի տաշտը։ Այն պետք է հանգիստ անկյուն լինի, որտեղ անցուդարձը քիչ լինի, որ կենդանին չվախենա։ Տաշտը պետք է տեղադրված լինի նաև Ձեզ համար հարմար տեղում, որպեսզի ցանկացած պահի արագ հասանելի լինի Ձեզ։
Քայլ 2
Եվ ահա, արդեն կատուն ու տաշտը Ձեր տանն են։ Փիսիկի հետ մեղմ ձայնով զրուցելով ու շոյելով, նրան նստացրեք տաշտի մեջ՝ նախապես այնտեղ լցնելով քիչ քանակությամբ լցանյութ։ Թույլ տվեք, որպեսզի կատուն հանգիստ շուրջը ուսումնասիրի, հոտոտի տարածքը։ Մի սպասեք, որ նա անմիջապես իր կարիքները կհոգա տաշտի մեջ, կծածկի այն լցանյութով ու կհեռանա։ Պետք է նա վստահ լինի, որ տաշտն անվտանգ բան է, որտեղ նա կարող է գնալ, երբ ցանկանա։
Քայլ 3
Որոշ ձագուկներ հիշում են, թե ինչպես է դա արել իրենց մայրը, որոշները՝ ինտուիցիայով են առաջնորդվում։ Եթե դուք արդեն տաշտին սովորած փիսիկ եք ձեռք բերել, առաջին և երկրորդ քայլերը էլի պարտադիր են, որովհետև տունն արդեն ուրիշ է, ուրիշ հոտ է ու ուրիշ տաշտ։
Կատվիկն արդեն քիչ թե շատ սովորել է նոր բնակարանին ու իր կարիքները հոգացել գետնի վրա։ Դա նորմալ է։ Առանց կատվին վախեցնելու, թղթի մի կտոր թրջեք նրա մեզի մեջ և այն դրեք տաշտի մեջ։ Մաքրեք կատվի մեզը, աշխատեք, որպեսզի նրա հոտն ու հետքը լիովին վերանա։ Կատվիկին շոյելով նորից դրեք տաշտի վրա՝ որպեսզի նա զգա, որ տաշտի միջից իր հոտն է գալիս։ Նրան ուժով մի պահեք տաշտի վրա։ Որոշ ձագուկներ միանգամից կփորձեն թաղել մեզով թրջված թուղթը։ Դա նշանակում է, որ ձագուկը 90 տոկոսով արդեն սովորել է տաշտին։
Կատվիկի վրա մի բարկացեք ու մի շտապեցրեք, կրկնեք թղթով գործողությունն այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր ձագուկը չի սովորել ինքնուրույն օգտվել տաշտից։ Չմոռանաք նրան խրախուսել ամեն անգամ, երբ նա իր կարիքները հոգա տաշտի մեջ։ Սովորաբար, ճիշտ մոտեցման դեպքում, 1 ամսականից մեծ առողջ կատվիկները տաշտին սովորում են 2-3 օրվա ընթացքում։
Չմոռանաք տաշտի լցանյութը մաքուր պահել։