Անհնար է երջանիկ մանկությունը պատկերացնել առանց հեծանվի՝ ֆիզիկական ակտիվությունն ու երեխայի երջանկությունն ապահովող հրաշք սարքի։ Հեծանիվը էներգիան պարպելու, վարելուց հաճույք ստանալու, հասակակիցների հետ ծանոթանալու և նորանոր վայրեր հայտնաբերելու միջոց է։ Կարելի է ասել, երեխայի համար հեծանիվը ճոխություն չէ, այլ անհրաժեշտություն։
Ի՞նչ հեծանիվ գնել երեխայի համար
Հեծանիվ գնելու կարևորագույն պայմանը՝ հեծանիվի չափը պետք է համապատասխանի երեխային։ Չի կարելի գնել փոքր-ինչ մեծ հեծանիվ, ենթադրելով. «որոշ ժամանակ անց հեծանիվը իսկը երեխայի չափերին կհամապատասխանի»։
Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել հեծանիվ գնելիս
Հեծանիվ գնելիս ցանկալի է այն սեփական աչքով տեսնել, շոշափել, այլ ոչ թե պատվիրել օնլայն։ Դա հնարավորություն կտա համոզվել, որ չափը երեխային համապատասխան է։ Հեծանիվ գնելիս Ձեզ հետ տարեք երեխային։ Ուղիղ հատակի վրա երեխային կանգնեցրեք հեծանվի վրա, ինչպես ցույց է տրված նկարում (երեխան պետք է կանգնած լինի գետնին, իսկ հեծանիվը գտնվի նրա ոտքերի արանքում)։ Աչքաչափով ուշադրություն դարձրեք, թե ինչքա՞ն ազատ տարածություն է մնում հեծանվի շրջանակի և երեխայի ոտքերի միացման հատվածի միջև։ Եթե այդ հեռավորություն 5-10սմ-ից ավել չէ, ապա ամեն ինչ կարգին է։ Նույնիսկ կտրուկ արգելակման և հեծանվից դուրս թռչելու դեպքում երեխան չի հարվածի հեծանվի իրանին։ Եթե այդ հեռավորությունը մեծ է, ապա ցանկալի է ավելի մեծ մոդել փնտրել։
Սա հեծանիվ ընտրելու միակ ցուցանիշը չէ։ Երբ երեխան նստի հեծանիվին, նրա ոտքերը հանգիստ պետք է հասնեն ոտնակներին, ընդ որում, ցածր ոտնակի վրա գտնվող ոտքը պետք է ամբողջությամբ բացված լինի։ Եթե թվում է, թե հեծանիվը չափսերով հարմար է, սակայն ոտքի նման դիրք չի ստացվում, պետք է նստարանը կարգավորել։ Նստարանը բարձրացնելով կամ իջեցելով այն պետք է հարմարեցնել երեխայի հասակին, դրանով հեծանիվ վարելը դարձնելով ավելի անվտանգ ու հարմար։
Ծնողը չպետք է մոռանա նաև երեխայի ծնկների ազատ շարժի ու մեջքի ճիշտ դիրքի մասին։ Դրանք ապահովվում է ղեկի բարձրության կարգավորման միջոցով։ Պետք է ղեկը բերել այնպիսի դիրքի, որը կհամապատասխանի երեխայի հասակին ու կապահովի մեջքի ճիշտ թեքվածությունը։
Հարկ է նաև ուշադրություն դարձնել հեծանվի քաշին, եթե երեխան ինքնուրույն պիտի բարձրացնի և տեղափոխի հեծանիվը (օրինակ աստիճանների վրա)։ Հաճախ քաշը կախված է հեծանվի նյութից։ Պողպատյա դետալները ամուր են ու բարձրորակ, բայց շատ ծանր են։ Ալյումինե դետալները անհամեմատ թեթև են։
Մանկական հեծանիվների համար հատկապես կարևոր է անվտանգությունը։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շղթայի տեղադրման ձևին։ Եթե այն թաքցված է մետաղական ծածկոցի տակ, ապա նշանակում է, որ շղթան հեծանիվ վարելու ընթացքում չի բռնի երեխայի տաբատը, որը վթարի պատճառ կարող է դառնալ։
Նախադպրոցական և ցածր դասարանների աշակերտների համար ցանկալի է արգելակները ոտնակների վրա տեղադրված լինեն, այսինքն ոտնակները հետ պտտելիս գործեն արգելակները։ Ձեռքի արգելակները երեխաներին խորհուրդ չի տրվում, քանի որ մանկական ձեռքերը չեն կարող համապատասխան ուժով արագ սեղմել արգելակները։ Բացի այդ երեխան կարող է իրեն կորցնել ու ժամանակին չարգելակել հեծանիվը։
Ղեկի բարձրությունն ու նրա շրջման առավելագույն անկյունը ևս շատ կարևոր են երեխայի անվտանգության համար։ Փոքրիկների համար պետք չէ նաև արագության փոխանցման համակարգը։ Փոքրիկ հեծանվորդների համար շատ բարդ կլինի միաժամանակ պահպանել հավասարակշռությունը, հետևել ճանապարհին ու փոփոխել արագությունը։
Անվտանգության կանոններ փոքրիկ հեծանվորդների և նրանց ծնողների համար
Նախևառաջ երեխային զինեք հեծանիվ վարելու համար անհրաժեշտ բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ մանկական սաղավարտով, ծնողների ցանկությամբ՝ նաև ձեռնոցներով։
Եթե ուզում եք հեռացնել հեծանվի օգնող անիվները, ապա դրանք պարզապես քանդեք, ոչ թե վերև բարձրացրեք։
Հեծանվավարժանքը պետք է սկսել բակում կամ այլ հանգիստ վայրում, որտեղ անվտանգությունն ապահովված է։ Երեխային հեծանիվ վարել կարելի է սովորեցնել փոքրիկ վարժությունների միջոցով։ Օրինակ, ճանապարհին որոշակի հեռավորության վրա շարված քարերի արանքով վարելով երեխան կսովորի խուսափել ճանապարհին հանդիպող արգելքներից։ Եթե քարերի միջոցով նեղ անցք թողնվի, երեխան կսովորի ճանապարհի նեղ հատվածով անցնել։
Պետք չէ մոռանալ երեխային բացատրել, որ բարձրություն հաղթահարելիս կամ զառիվայր իջնելիս սեփական ուժերը անհրաժեշտ է հաշվի առնել ։
Հեծանիվների մոտավոր չափսերը կախված երեխայի տարիքից
Մինչ 3 տարեկան երեխաների համար (98սմ-ից պակաս հասակ ունեցող) հարմար է 12″ (12 դյույմ) անիվների տրամագիծունեցող հեծանիվները։ Սրանք հիմնականում բավականին թեթև ու փոքր հեծանիվներ են։ Սրանց են պատկանում եռանիվ այն հեծանիվները, որոնց վրա նախատեսված է բռնակ ծնողի համար և այն հեծանիվները, որոնց ոտնակները ամրացված են դիմացի անիվին։
4 տարեկան երեխաների համար ծնողները սովորաբար ընտրում են 4 անիվ ունեցող (որոնցից 2-ը փոքր օգնական անիվներ են և հեշտությամբ հեռացվում են) 12″ տրամագծով անիվներով հեծանիվներ։ Արտադրողները, մտածելով երեխաների անվտանգության մասին, այս հեծանիվների ղեկն այնպես են ստեղծել, որպեսզի երեխան հնարավորինս խուսափի հարվածից։ Բացի այդ այս տարիքի համար նախատեսված հեծանիվների շղթան ունի ծածկոց, որը ևս երեխայի անվտանգության համար է։ Բացի այդ փոքր հեծանիվների վրա տեղադրված են բավական հարմար ու փափուկ նստարաններ։ Մանկական հեծանիվների համար հեծանվի իրանը բավականին ցածր է, որպեսզի երեխան հեշտությամբ տեղավորվի հեծանվի վրա։ 4 տարեկանների համար նախատեսված հեծանիվների արգելակները ոտնակները հետ պտտելու միջոցով են աշխատում և հեծանիվը ունի մեկ արագություն։
5-6 տարեկան երեխաների հեծանիվները շատ քիչ են տարբերվում 4 տարեկանների հեծանիվներից։ Տարբերությունը միայն անիվների չափն է, որն այս դեպքում կազմում է 16″։ Այս տարիքի հեծանիվների վրա կա նաև ձեռքով կառավարվող արգելակ։ Ոտնակները հետ պտտելով արգելակելու մեխանիզմը ևս կա այս հեծանիվների վրա։ Օգնական անիվները կան, որոնք հեշտությամբ կարելի է հեռացնել։
7-9 տարեկանների հեծանիվների վրա այլևս չեն տեղադրվում օգնական անիվները։ Այս տարիքի հեծանիվներն իրենց դիզայնով կարող են լինել ինչպես նախադպրոցական տարիքի երեխաների հեծանիվները, այնպես էլ կրկնօրինակել մեծահասակների հեծանիվների ընդհանուր տեսքը։ Այս հեծանիվների անիվների տրամագիծը 20″ է և հնարավոր է, որ ունենան փոխանցման համակարգ ու ձեռքի արգելակներ։ Որոշ արտադրողներ հեծանիվների վրա տեղադրում են նաև ամորտիզացիոն լիսեռ, որը բավականին փափկեցնում է հեծանվի ընթացքը։ Ընդհանուր առմամբ, մեծահասակի հեծանիվ փոքր չափսերով։
10-13 տարեկանների համար նախատեսված հեծանիվները կարելի է համեմատել մեծահասակների հեծանիվների հետ։ Այս հեծանիվները մեծահասակների հեծանիվներից տարբերվում են միայն անիվների տրամագծով, ինչպես նաև հեծանվաիրանի չափերով։ Անիվների տրամագիծն այս դեպքում հասնում է 24″։ Նկատի ունեցեք, որ այս անիվների չափով հեծանիվները համապատասխանում են 135սմ-ից կարճ հասակ ունեցող դեռահասների համար։ Եթե Ձեր երեխան բարձրահասակ է, խորհուրդ ենք տալիս վերցնել 26″ անիվների տրամագծով մեծահասակի հեծանիվ։ Այս տարիքի երեխաների համար նախատեսված հեծանիվների արագությունների փոխանցման համակարգն ունի մինչև 24 աստիճան, ձեռքի արգելակներ (հետևի և դիմացի անիվների համար), ինչպես նաև դիմացի ամորտիզացիոն համակարգ։
Աղբյուր՝ Փոքրիկ.am