1. Սովորեցրեք Ձեր որդուն խոսքերով արտահայտել զգացածը։ Երեխան կարող է հուսահատությունից գոռալ, ամոթից թաքնվել, հուզմունքից եղունգները կրծել կամ լացել վախից։ Բացատրեք նրան, որ դրանք հույզեր են, որոնք մարմնին հրամայում են, ինչպես իրեն դրսևորել։ Ցույց տվեք նրան ուրիշ մարդկանց, որոնք նույն բանն են զգում, սակայն իրենց հույզերն այլ կերպ են արտահայտում։ Երեխայի հետ քննարկեք Ձեր սեփական հույզերը։ Երբ նա մեծանա, կզգա չարության ու ամաչկոտության, հուսահատության և վշտի միջև տարբերությունը, կսովորի կառավարել սեփական հույզերն ու դրանք ճիշտ արտահայտել՝ առանց ամաչելու և մեղքի զգացման։
2. Դարձեք Ձեր փոքրիկի գլխավոր երկրպագուն։ Ամենայն հավանականությամբ, Դուք բազմիցս կամաչեցնեք Ձեր որդուն՝ երգելով նրա դպրոցական երգերը կամ նրա մանկության լուսանկարներն ու մրցանակները ցուցադրելով ուրիշներին։ Ամենայն հավանականությամբ, նա մի օր կասի. «Բավական է, մայր»։ Նա կկարմրի, բայց վստահ կլինի, որ աշխարհում կա գոնե մեկ մարդ, ով միշտ կերկրպագի իրեն։
3. Սովորեցրեք Ձեր որդուն հավաքել իր շրջակայքը, սնունդ պատրաստել, լվանալ գուլպաներն ու հարդարել վերնաշապիկները։ Միգուցե դա նրան երբեք էլ պետք չգա, բայց ապագայում նրա կինը երախտապարտ կլինի Ձեզ։
4. Կարդացեք նրա համար և նրա հետ միասին։ Երեխաները սկսում են սիրել գիրքը ծնողների ընթերցանության ժամանակ։ Երեխան պետք է տեսնի, որ դուք ևս կարդում եք։ Պատմեք նրան Ձեր կարդացած գրքերի, նրանց հերոսների մասին։ Բացատրեք, թե ինչո՞ւ է կարևոր ընթերցանությունը։ Կարդացեք միասին և քննարկեք ընթրեցածը, միասին նկարեք փոքրիկի սիրած հեքիաթները։ Սովորեցրեք փոքրիկին ակտիվ ընթերցող լինել։
5. Ոգևորեք նրա պարելը։ Երաժշտությունը, ռիթմի զգացողությունն ու պարը յուրահատուկ լեզու է, որը հասանելի է բոլորին։ Իսկ մարմնի ճկունությունը անհրաժեշտ պայման է զարգացման հարմոնիայի համար։ Պարեք երեխայի հետ ու ոգևորեք նրա չստացված շարժումները։
6. Համոզվեք, որ նրա համար օրինակ են ծառայում լավ մարդկանց արարքները (խելացիություն, քաջություն, համարձակություն, ազնվություն և տաղանդ)։ Պատմեք նրան հայտնի ու ճանաչված գրողների, ճանապարհորդների, գիտնականների, նկարիչների, տիեզերագնացների, դերասանների և այլոց մասին։ Պատմեք այն մասին, թե ինչպես են նրանք ապրել և ինչ ճանապարհ են անցել հայտնիության հասնելու համար։ Պատմեք ոչ միայն տղամարդ, այլ նաև կին հայտնիների մասին, ինչպես նաև այն մասին, որ ներքին գեղեցկությունն ավելի կարևոր է արտաքին գեղեցկությունից։
7. Օրինակ դարձեք Ձեր որդու համար։ Դուք արդեն հերոս եք նրա համար, այդ մասին վայրկյան անգամ չարժե կասկածել։ Սակայն յուրաքանչյուր օր ապացուցեք Ձեր փոքրիկ զավակին, որ դուք գեղեցիկ եք, խելացի ու ազնիվ։ Դուք կնոջ իդեալական կերպարն եք նրա համար։
8. Սովորեցրեք երեխային լավ վարվեցողության կանոններին՝ շնորհակալություն հայտնել և խնդրել, ձեռք մեկնել կանանց, օգնություն առաջարկել, տեղը զիջել և այլն։
9. Թույլ տվեք նրան հավատալ ինչ-որ բանի։ Երբեմն կլինեն պահեր, երբ Ձեր զավակը կզգա վախ կամ անհանգստություն, ցավ կամ վիշտ, կամ պարզապես Ձեր կարիքը կունենա, երբ Դուք նրա կողքին չեք լինի։ Այնպես արեք, որպեսզի նա իրեն երբեք միայնակ չզգա ու իմանա, որ երբեք միայնակ չի լինի։
10. Սովորեցրեք նրան, որ երբեմն պետք է լինել քնքուշ (փոքր երեխաների, կենդանիների, ծաղիկների և այլ մարդկանց զգացմունքների նկատմամբ)։
11. Հնարավորություն տվեք նրան փչացնել այն իրերը, որը նա ամեն դեպքում փչացնելու է։ Եթե ամեն անգամ բարկանաք, երբ Ձեր որդին տուն գա պատռված ու կեղտոտ հագուստով, դա նշանակում է անհույս պայքարի մեջ մտնել։ Ձեր էներգիան մի վատնեք անխուսափելիի դեմ պայքարում։ Տղաները աշխարհն ընկալում են ծառեր ու ցանկապատներ մագլցելով, ջրափոսերի մեջ ցատկելով, ընկնելով ու վեր կենալով։
12. Հետաքրքրվեք նրա հետաքրքրություններով՝ ուսումնասիրեք ֆուտբոլի նրբությունները, սովորեք նրա սիրելի թիմի ֆուտբոլիստների անունները և այլն։ Եղեք նրա կյանքի ակտիվ մասնակիցը, ոչ թե պարզապես դիտորդ։
13. Նրա հետ դուրս եկեք փողոց։ Անջատեք հեռուստացույցը, համակարգիչը, տանը թողեք հեռախոսն ու ֆոտոխցիկը։ Պարզապես դուրս եկեք փողոց և հետևեք Ձեր երեխային, ուսումնասիրեք նրա ռեակցիաները, հարցեր տվեք։
14. Թույլ տվեք նրան պարտվել։ Ինչքան էլ անցանկալի է, բայց ոչ միշտ է մարդը հաղթանակող դուրս գալիս։ Ասացեք նրան. «Դու ձգտում ես, իսկ դա արդեն հաղթանակ է»։ Նա այդպես չի մտածում և կհուսահատվի նման դեպքերում։ Նման պրակտիկան նրան հետագայում պետք կգա, երբ նա նորից ու նորից կպարտվի։ Սովորեցրեք նրան,որ նա երբեմն կհաղթի, երբեմն՝ կպարտվի։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ պետք է հանձնվել։
15. Հնարավորություն տվեք Ձեր որդուն օգնել ուրիշներին։ Մեծ տարբերություն կա օգնելու հնարավորություն տալու և օգնել ստիպելու միջև։ Հնարավորություն տալը հոգեբանական բնույթ պետք է կրի։ Ինքներդ օրինակ ծառայեք նրան՝ օգնելով միմյանց և ուրիշներին։
16. Բացատրեք երեխային, որ կատարելության հասնում են պրակտիկայի միջոցով։ Եվ դա չի վերաբերում միայն երաժշտությանն ու սպորտին, այլ վերաբերում է նաև ողջ կյանքին։ Երեխայի մոտ ձևավորեք այնպիսի սովորույթներ, որոնք հետագա կյանքի ընթացքում կօգնեն նրան հեշտությամբ հաղթահարել ամեն ինչը։
17. Պատասխանեք նրա «Ինչո՞ւ» հարցերին։ Պատասխանեք կամ միասին փնտրեք պատասխանը։ Հուշեք նրան, թե որտեղ կարելի է գտնել պատասխանը (հարցնի հայրիկին, տատիկին, հանրագիտարաններում կամ համացանցում փնտրի հարցի պատասխանը)։ Եվ պատասխան հարց տվեք նրան, որպեսզի նա ևս սկսի մտածել։ Եթե երբևէ նա ամաչի որևէ բան հարցնել Ձեզ, ապա կիմանա, որտեղ փնտրել պատասխանը։
18. Հայրիկը թող սովորեցնի տղային ամենակարևոր բաները։ Եթե Դուք թույլ տաք հայրիկին ամենասկզբից մասնակցել երեխայի դաստիարակության ընթացքին, տղայի մոտ կձևավորվի կարծիք, որ իր հայրն «աշխարհում ամեն ինչ գիտի»։ Դուք միշտ կլինեք սիրելի մայրիկը, բայց տղայի համար հայրը հատուկ մարդ է, ով գիտի բոլոր հարցերի պատասխանները։
19. Երեխային տվեք այնպիսի իր, որի միջոցով կարողանա պարպել ավելորդ էներգիան (թմբուկ, բոքսի տանձ, բաց տարածություն, շուն և այլն)։ Եթե նա դրա համար չունենա սեփական իրը, մի օր Ձեր իրերը կօգտագործի այդ նպատակով, որը Ձեզ բնավ դուր չի գա։
20. Միշտ Ձեզ հետ ունեցեք խոնավ անձեռոցիկներ, հակաբակտերիալ նյութեր ու կպչուն սպեղանի։
21. Երեխայի համար ամրոց կառուցեք։ Գետնին նետեք բազմոցի բարձերը, աթոռերը իրար մոտ բերեք, դրանք ծածկեք մեկ-երկու ծածկոցով և սենյակը կդառնա հրաշքներով լի անձավ։ Սա հնարավորություն կտա երեխային հասկանալ, որ ցանկացած իր կարող է վերափոխվել ու դառնալ կախարդական։
22. Երեխային, հնարավորության դեպքում, Ձեզ հետ տարեք ամենուր՝ աշխատանքի, ընկերների հետ հանդիպման, ճանապարհորդության։ Յուրաքանչյուր նոր վայր նորանոր գաղտնիքներ կբացի նրա համար, հիշողություններ կթողնի ու կստիպի մտածել։
23. Գրկեք ու համբուրեք նրան։ Փոքր տղաները շատ սիրալի են ու քնքուշ։ Նրանք կարող են լինել կոպիտ, վայրենի, կարող են շրջակայքն ավիրել ամբողջ օրը, բայց կան այնպիսի պահեր, երբ նրանք շատ բարի են, քնքուշ ու զգայական։ Այդ պատճառով գրկեք ու համբուրեք Ձեր երեխային, լինի նա 2 ամսական, թե 16 տարեկան։
24. Եղեք Ձեր երեխայի ՏՈւՆԸ։ Երբ երեխան սովորում է քայլել, նա Ձեզնից հեռանում է ընդամենը մի քանի քայլ, իսկ հետո վերադառնում է։ Այնուհետև մի քիչ ավելի հեռու, և կրկին վերադառնում… Երբ նա սովորում է նկարել, նա սպասում է Ձեր հպարտ ժպիտին։ Երբ նա սովորում է կարդալ, նա պատրաստ է նույն բանը բարձրաձայն կարդալ 20 անգամ, քանի որ իր մայրը կլանված կլսի նրան թե 20, թե 50 անգամ։ Երբ նա ֆուտբոլ կխաղա, նա Ձեր դեմքը կփնտրի հանդիսատեսների մեջ։ Երբ հիվանդա, կզանգահարի Ձեզ։ Երբ ինչ-որ բա փչացնի, Ձեզ կդիմի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նա արդեն մեծ կլինի, նրա կյանքում նոր կին ու նոր տուն կհայտնվի, Դուք կլինեք նրա մայրը։ Ամենակարևորը, որ պետք է իմանա Ձեր որդին, որ նա միշտ Ձեր սրտում է։
Աղբյուր՝ Փոքրիկ.am