Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ:
Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝
ա) հայրության որոշման ակտի գրառման հիման վրա,
բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Այս դեպքում երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը՝ մոր ցուցումով:
Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:
Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ:
Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ՝ ծնողների համաձայնությամբ:
Երեխայի ծնունդը գրանցելու համար գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում։
Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների /ծնողներից մեկի/ կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա։
Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է երեխայի դիմումի հիման վրա։
Ծննդի պետական գրանցումն իրականացնում են՝
• երեխայի ծննդի վայրի ՔԿԱԳ մարմինը կամ
• ծնողների/ ծնողներից մեկի/ բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը կամ
• Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատը (հասցե՝ ք. Երևան, Օտյան փող., 53ա շենք, 1-ինհարկ, Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, հեռ.՝ +374-10-742233),
• գտնված /ընկեցիկ/ երեխաներինը` գտնվելու վայրի կամ երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը,
• կյանքի 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծնունդը` երեխայի ծննդի կամ ծնողների/ ծնողներից մեկի/ բնակության վայրի կամ մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը,
• երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը, երբ ծննդի գրանցման մասին դիմումը ստացվել է երեխայի ծննդյան օրվանից մեկ տարի անց, բայց մինչև նրա 18 տարին լրանալը:
Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է.
1. գրավոր հայտարարություն (ձևանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետությանարդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից)
2. ծնողների /ծնողներից մեկի/ և դիմողի անձը հաստատող փաստաթուղթ,
3. երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական),
4. երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ՝
4.1 ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը, կամ
4.2 ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ, կամ
4.3 ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթ` տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից` բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում, կամ
4.4 բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում՝ ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարություն` տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի /անձանց/ կողմից, և երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանք:
Վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա։
5. վերը նշված փաստաթղթերից բացի, նաև փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը, եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից:
Ծննդի պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
Ծննդի պետական գրանցմամբ երեխային տրվում է նրա առաջին փաստաթուղթը, որի միջոցով երեխան օգտվում է իր իրավունքներից՝ բժշկական ծառայություններից, միանվագ նպաստից, սոցիալական տարբեր ծրագրերից և այլն:
Ծննդի պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։
Աղբյուր՝ ՀՀ Արդարադատության նախարարություն