Եթե ամուսինների միջև առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։
ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծությունը կարող է գրանցվել նաև ամուսիններից միայն մեկի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը՝
1) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
2) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
3) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով։
Վերը նշված դեպքերում ամուսնությունը դադարում է ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծության պետական գրանցման պահից:
Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:
Ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից:
Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում։
Ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե՝
1) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.
2) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց.
3) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով։
Դատական կարգով ամուսնալուծվելիս, ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Ինչպես դատական կարգով ամուսնալուծվելիս, այնպես էլ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելիս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման։
Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության գրանցումը կատարվում է անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից: Ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով։
Ամուսնալուծության պետական գրանցումը կատարում է հետևյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
• ամուսինների համատեղ բնակության վայրի կամ
• ամուսիններից մեկի բնակության վայրի կամ
• ամուսնության պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմինը։
Իր կողմից կատարված ամուսնության գրանցման դեպքում ամուսնալուծության պետական գրանցումը կարող է կատարել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող` ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատը (հասցե՝ ք. Երևան, Օտյան փող., 53ա շենք, 1-ին հարկ, Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, հեռ.՝ +374-10-742233):
Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծվող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից՝ տրված իրավասու մարմինների կողմից։
Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
1. 1. անձը հաստատող փաստաթուղթ,
2. 2. ամուսնության վկայական (առկայության դեպքում),
3. ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջև փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,
4. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով,
5. ամուսինների դիմումը և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը /քաղվածքը/ ` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում։
Վերը նշված դիմումների ձևանմուշները կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից:
Ամուսնալուծության գրանցումը և ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ։
Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
Ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջև դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը։
Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10000 ՀՀ դրամ։
Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաև 5000 ՀՀ դրամ պետական տուրք:
Աղբյուր՝ ՀՀ Արդարադատության նախարարություն