Բոլորին է հայտնի, թե խանութներում գնումներ կատարելը որքանով է խանգարում երեխայի առօրյայի ճիշտ կազմակերպմանը: Երեխայի հետ խանութ գնալուց պետք է հիշել հետևյալ կանոները.
Կանոն N1
Գնումներ կատարելն օգտագործեք ի շահ երեխայի: Բակում խաղալը, դպրոց հաճախելը, ինչու չէ նաև խանութ գնալը սոցիալիզացիայի ևս մի տեսակ է: Գնումներ կատարելիս երեխային սովորեցրեք, թե հասարակական վայրում ինչպես պետք է իրեն պահի, ցույց տվեք ինչպես եք ընտրում հագուստը, ինչպես եք տարբերակում հին և նոր կաթնամթերքը, վերջում ու՞մ պետք է տա գումարը: Սովորեցրեք գնահատել գումարի արժեքը, թե ինչ դժվարությամբ եք գումար վաստակում:
Կանոն N2
Նախապատրաստեք երեխային խանութում ինքնուրույն գնումներ կատարելուն: Բացատրեք, թե ինչի՞ համար է պետք գնումներ կատարելը, որքա՞ն եք նախատեսել գումար ծախսել: Գնումներ կատարելիս անպայման հարցրեք և կարևորեք երեխայի կարծիքը:
Կանոն N3
Հասարակական վայրում մի «կոծկեք» երեխայի կամակորությունը. կանայք, սովորաբար, գնումներ կատարելիս հաճախակի մոռանում են երեխայի մասին և երեխան ուշադրությունն իր կողմը դարձնելու համար սկսում է բղավել, լացել. հավատացեք, կոնֆետով կամ խաղալիքով հարցին լուծում չեք տա: Կարևոր է հասկանալ, որ, եթե խանութում երեխային հետաքրքրող ոչինչ չկա, նրանք սկսում են սարսափելիորեն ձանձրանալ:
Անհանգստությունից կարող է ցավել երեխայի գլուխը, փորիկը, նույնիսկ կարող է տաքություն ունենալ: Մի մոռացեք հաճախակի սիրալիր և ջերմ խոսքեր ասել Ձեր փոքրիկին:
Կանոն N4
Գնումներ կատարելով էլ կարող եք Ձեր օրը հաճելի դարձնել: Երեխային հաճախակի հիշեցրեք՝ «երբ հոգնես, ինձ կասես»:
Պաստառների վառ գույները, բարձր երաժշտությունը, վառ լուսավորվածությունը, օծանելիքի բուրմունքը շատ հեշտությամբ երեխային կհոգնեցնի: Երբ նկատեք, որ երեխան հոգնել է, շատ խելամիտ կերպով պետք է Ձեր նախագծած ծրագրերը հետաձգեք: Հանրախանութից դուրս եկեք, գնացեք մոտակա այգի կամ սրճարան: Մի մոռացեք, որ փոքրիկն ունի Ձեր կարիքը:
Կանոն N5
Փորձեք երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնել գնումների նկատմամբ: Աղջիկ երեխաներին պետք է բացատրել, որ բոլոր տնային տնտեսուհիները գնումներ են կատարում, որ նա էլ պետք է սովորի: Տղա երեխաներին ցույց տվեք, որ շատ կարևոր է նրանց օգնությունը, նա կարող է կատարած գնումները օգնել տուն տանել:
Այսպիսով, Ձեր երեխաներին սովորեցրեք գումարը ճիշտ օգտագործել և ճիշտ տնօրինել:
Աղբյուր՝ Փոքրիկ.am