Սկսած 2 տարեկանից երեխան ավելի շատ ժամանակ է հատկացնում խաղերին և ավելի շփվող է դառնում։ 2-ից 3 տարեկան հասակը երեխաների համար կարևոր ժամանակահատվածներից է, երբ զարգանում է ուղեղը, ձևավորվում է միտքը և կարևորը, երեխան սկսում է շփվել շրջապատող մարդկանց հետ։
Ի՞նչ կարող է անել երկամյա երեխան
* Խաղալ ուրիշ երեխաների հետ։ Իրականում, այդ խաղը տևում է շատ կարճ ժամանակ և խիստ սահմանափակ է լինում։ Օրինակ, երկամյա երեխան կարող է խաղալ «Սագեր-սագեր, տուն եկեք…» խաղը, որը հիմնված է վազքի վրա, կամ պարզապես երեխաները կարող են վազվզել՝ փորձելով իրար բռնել, կամ թաքնվել սեղանի տակ։
* 3 տարեկանին մոտ երեխաներըն արդեն փորձում են շփվել հասակակիցների հետ ու միասին խաղեր կազմակերպել։ Խաղալիքների համար կռիվներն հիմնականում մնում են անցյալում։ Օրինակ, երեխաները միասին կարող են կառուցել ընդհանուր աշտարակ 1 տուփ խորանարդիկների միջոցով։ Կամ նրանք միասին կարող են ներկել մի պատկեր, միասին փազլ հավաքել կամ խաղալ «տունտունիկ»՝ միմյանց միջև բաժանելով դերերը։
* Այս տարիքի երեխաներն սկսում են կիրառել իրենց երևակայությունը խաղերի ընթացքում։ Օրինակ, տիկնիկին կարող են կաթի շիշ առաջարկել, իրենց երևակայական տանը մաքրությամբ զբաղվել, կամ պատկերացնել, որ սեղանի տակի հատվածը ավտոմեքենաների կայանատեղի է և այլն։
* Երկամյա փոքրիկը հիմնականում մենակ է խաղում։
* Եթե այլ երեխաների հետ խաղը երկար է տևում, ապա փորիկը փորձում է յուրացնել խաղալիքները և թույլ չտալ, որպեսզի մյուսները խաղան։
Ինչպիսի՞ խաղեր խաղալ 2-ից 3 տարեկան մանչուկների հետ
* Շարունակեք հեքիաթներ կարդալ և հաճախ զրուցել ձեր փոքրիկների հետ։ Նկարազարդ գրքերով հեքիաթներ կարդալիս թույլ տվեք, որպեսզի երեխան նախ ուսումնասիրի նկարը, ապա նոր կարդացեք նկարին վերաբերող հատվածը։ Սկսեք հարցեր տալ գրքի մասին, օրինակ. «Ինչու՞ նա այդպես վարվեց», կամ «Ո՞ւր գնացին նրանք», «Ի՞նչ եղավ հետո» և այլն։
* Թռչկոտեք, պարեք երաժշտության տակ և համոզեք փոքրիկին միանալ ձեզ։
* Ոգևորեք երեխայի երևակայության թռիչքը։ Թույլ տվեք աղջիկներին իրենք ընտրեն իրենց հագուստի կամ սանրվածքի համար համապատասխան մասնիկները, իսկ տղաներին օգնեք կառուցել ամրոցներ, կայանատեղիներ ավտոմեքենաների համար և այլն։ Օգնեք երեխաներին իրենց խաղերի մեջ կիրառել պլաստիկ շշեր, մեկանգամյա օգտագործման ափսեներ և այլ այնպիսի իրեր, որոնք տվյալ դեպքում պետք է ծառայեն ոչ իրենց հիմնական նպատակին։ Ձեր մտքերով կիսվեք երեխաների հետ, քանի որ նրանց երևակայությունը դեռ այնքան զարգացած չէ, որպեսզի կարողանա փոքր-ինչ բարդ հնարքներ ստեղծել։
* Խթանեք երեխաների ստեղծագործ միտքը կավճանկարչության, ծեփամածիկով աշխատելու, նկարչության և այլ աշխատանքների ընթացքում։
* Խաղերի ընթացքում օգտագործեք այնպիսի իրեր, որոնք նման են իրենց իրական տարբերակին։ Օրինակ, օգտագործեք երեխայի չափերին համապատասխան ավել ու աղբահավաք, տղաների դեպքում աշխատանքային գործիքներ և այլն։ Երբ երեխան ունենում իր սեփական իրերը, դուք կարող եք սահմանազատել ձեր և նրա «սեփականությունները», այդպիսով, երեխայի համար արգելք ստեղծելով մոտենալ իրական ավելին ու աղբահավաքին, աշխատանքային գործիքներին և այլն։
Մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ երեխային նորանոր բաներ սովորեցնել և վտանգից հեռու պահել
* Աշխատեք երեխային հնարավորություն տալ հասնել իր նպատակին, առանց փոփոխելու նպատակը։ Օրինակ, հուշեք, որ նա աղբի զամբյուղի փոխարեն կարող է գնդակը նետել լվացքի զաբյուղի մեջ։
* Երեխայի հետ խոսեք նրան հասկանալի, պարզ լեզվով։
* Հուշեք երեխային, թե ի՞նչ կարող է նա անել. «Դու կարող ես սա դնել զամբուղի մեջ», «Դու կարող ես թեթև հրել աշտարակը»… Երեխան կկատարի ձեր հուշումները և արդյունքը դիտելով, արդեն հաջորդ անգամ ինքը նման քայլեր կձեռնարկի։
* Վտանգավոր իրերից շեղելու համար երեխայի ուշադրությունը բևեռեք ձեր համատեղ խաղի վրա, օրինակ, միասին աշտարակ կառուցեք, ուսումնասիրեք այլ խաղալիքներ։
* Երբ երեխային ասում եք «Ո՛չ», «Չի՛ կարելի, վտանգավոր է», ուղղորդեք նրան այն բանին, որը նրան թույլատրելի է, օրինակ «Ձեռք մի տուր, բայց նայիր»։
* Եթե հնարավոր է, վտանգավոր իրերը հեռացրեք երեխայի տեսադաշտից, խաղն անվտանգ դարձնելու համար։
* Ինչպե՞ս վարվել, եթե անհրաժեշտ է երեխայի խաղը «տեղափոխել» այլ միջավայր։ Անպայման մինչ երեխային տեղափոխելը, ասեք. «Եկ այժմ գնանք այնտեղ՝ մեկ ուրիշ խաղ խաղալու համար»։ Օրինակ, երբ երեխայի ճաշելու ժամն է և նա հրաժարվում է խաղահրապարակից տուն վերադառնալ, առաջարկեք. «Եկ խաղանք այնպիսի խաղ, որտեղ դու շնիկն ես, իսկ ես տերը (կամ հակառակը)», և շնիկին վարժեցնելու խաղեր խաղալով ու հրամաններ արձակելով «տվեք տուն վերադառնալու հրամանը» և վերադարձեք տուն։
* Երկամյա երեխայի հետ խաղալիս կարելի է կատակել, օրինակ, «փորձել» բռնել նրան վազքի ընթացքում և խուտուտ տալ։
Ինչպե՞ս վարվել, եթե երեխայի համար դժվար է խաղից կտրվելը և նա չի ցանկանում ընդհատել իր զբաղմունքը։
* Զգուշացրեք երեխային, թե երբ է խաղն ավարվում. «10 րոպեից պետք է ճաշենք», «5 րոպեից ճաշելու ենք», «Մնաց 2 րոպե», «Գնացինք ճաշելու, ապա կքնենք ու արագ կվերադառնանք այստեղ»։
* Երեխային ակնառու հիշեցում թողեք այն մասին, որ ժամանակը մոտենում է ավարտին։ Օրինակ, միացրեք զարթուցիչ մի քանի րոպեով, հետո էլի մի երկու րոպեով։ Այդպիսով, դուք կպահպանեք երեխայի ժամանակի զգացողությունը. մայրիկը չի որոշում ժամանակը, այլ զարթուցիչն է զգուշացնում, որ ժամանակը մոտեցավ ավարտին։
* Բացատրեք երեխային, թե ինչ է կատարվում. «Ես պետք է ընթրիք պատրաստեմ»։ Եվ անպայման երեխային առաջարկեք. «Քանի դեռ ես ընթրիքով եմ զբաղված, դու քո աթոռակին նստիր և նկարչությամբ զբաղվիր»։
* Երեխային ընտրության հնարավորություն տվեք. «Այժմ դու կարող ես փազլ հավաքել կամ ավտոմեքենաներով խաղալ», «Դու կարող ես քնել կամ նկարներ նայել»։
* Պարզ արտահայտություններով զրուցեք երեխայի հետ։
* Եթե երեխան հուզվում է, հասկացեք նրան և հանգստացրեք. «Ես գիտեմ, որ դու չես սիրում հագուստդ փոխել, հիմա արագ մաքուր հագուստ կհագնես ու միասին նորից կխաղանք»։
Այսպիսով, երկամյա տարիքում խաղերի հիմնական ջիղը դառնում է խոսքի և գործողությունների համատեղումը, երեխան սկսում է բացատրել իր զգացմունքները, ինչպես նաև խաղերի ընթացքում խաղալիքների և այլ իրերի օգտագործման նոր գաղափարներ է կիրառում։ Օգնեք փոքրիկին շրջապատը ներքաշել խաղերի մեջ և աստիճանաբար իր խաղերին հրավիրել այլ երեխաների ու մեծահասակների։
Աղբյուր՝ Փոքրիկ.am