Մարիա Մոնտեսորին գտնում էր, որ կյանքի համար կարևոր երևույթ հանդիսացող ինքնասպասարկման հմտություններն ավելի արագ են զարգանում, երբ երեխան վաղ տարիքից սկսած շրջապատված է լինում հարմարեցված միջավայրով: Ստորև կներկայացվեն Մարիա Մոնտեսորիի մի քանի խորհուրդներ երեխայի ինքնուրույնությունը զարգացնելու համար:
- Երեխայի համար պետք է այնպիսի հագուստ գնել, որ նա կարողանա դրանք ինքնուրույն՝ առանց որևէ մեկի օգնության, հագնել և հանել:
- Փոքրիկի սենյակի համար խաղալիք կահույք գնեք. օրինակ փոքրիկ աթոռներ, փոքրիկ սեղան, սենյակում նրա հասակին համապատասխան հայելի փակցրեք: Աթոռները պետք է լինեն թեթև, որպեսզի նա կարողանա դրանք հեշտությամբ մի տեղից մյուսը տեղափոխել: Լոգասենյակում սրբիչի կախիչները ևս նրա հասակին համապատասխան պետք է լինեն: Կարևոր է նաև տանն ունենալ ծալվող աթոռակ, որի շնորհիվ երեխան կկարողանա ինքնուրույն լվացվել, գրապահարանից վերցնել իր սիրելի գիրքը և այլն:
- Մանկական սենյակը պետք է լինի լուսավոր, գրավիչ և պարզ: Հեռացրեք Ձեր փոքրիկի միջավայրից բոլոր այն առարկանները, որոնք նա կարող է կոտրել, ինչպես նաև որոնք կարող են նրան վախեցնել և վնասել: Հնարավորինս անվնաս դարձրեք նրա միջավայրը:
- Լոգասենյակում առանձին տեղ հատկացրեք նրա անձնական իրերի համար: Այնպես արեք, որպեսզի փոքրիկն այդ ամենն ինքնուրույն կարողանա վերցնել: Այդ իրերը նաև պետք է նրա համար ճանաչելի լինեն: Նման դեպքերում օգնության են հասնում հատուկ վառ գույներով մանկական սպասքը, խոզանակները և այլն: Կարելի է նաև դրանք ընդգծել վառ պիտակներով:
- Երեխային տվեք փոքրիկ ավել, գոգաթիակ, փոքրիկ սպունգ, ինչպես նաև փոշին մաքրելու համար փոքրիկ կտոր: Հենց այս պարագաների շնորհիվ երեխան կկարողանա ինքնուրույն մաքրել իր սենյակը:
Աղբյուր՝ Փոքրիկ.am