Փողն ամենատարածված ու հակասական քննարկումներ ունեցող թեման է։ Ոմանք այն չարիք ու բոլոր խնդիրների աղբյուր են համարում, մյուսները՝ հարստություն։ Երեխայի մոտ փողի հանդեպ ճիշտ վերաբերմունք ձևավորելուց առաջ նախևառաջ անհրաժեշտ է ինքներս հստակ հասկանանք, թե ի՞նչ է փողը մեր համար։
Ընդ որում, անհրաժեշտ է գտնել այնպիսի հավասարակշռություն, որտեղ փողը ոչ չարիք է և ոչ էլ կատարելության չափանիշ։ Չէ որ իրականում, նրանք ոչ մի վատ բան չեն բերում և բոլոր խնդիրները մեր մեջ պետք է փնտրենք։
Երեխաների վերաբերմունքը փողի հանդեպ
Երեխայի ֆինանսական դաստիարակության մասին չի կարելի խոսել այն դեպքում, երբ տանն անընդհատ վիճաբանություններ են ծնողների միջը ընտանեկան բյուջեի պատճառով։ Անընդհատ լսելով փոխադարձ վիրավորանքներ ու վեճերին ականատես դառնալով՝ երեխան կմեծանա ագահ ու մանրախնդիր կամ չի կարողանա համակերպվել կյանքի ժամանակակից թոհուբոհին։
Ընտանեկան բյուջե կազմելը
Երեխաների մոտ փողի հանդեպ ճիշտ վերաբերմունք ձևավորելը կարելի է սկսել 5-7 տարեկանից։ Հենց այդ տարիքում է, որ երեխան հետաքրքրասիրություն է սկսում ցուցաբերել թվերի նկատմամբ, նկարած փող օգտագործում խաղերի մեջ։
Ֆինանսական խնդիրներին երեխային ծանոթացնելու առաջին քայլը կարող է լինել նրան ընտանեկան բյուջեի կազմման մեջ ներքաշելը։ Հաջորդ շաբաթվա ծախսերի ճիշտ հաշվարկը, գումարի տնտեսման միջոցներ գտնելը կայուն հիմք կդառնան երեխայի ապագա ինքնուրույն կյանքի համար։
Երեխային բացատրեք, որ ծախսերը պետք է բաժանել խմբերի՝ հիմնական ծախսեր (բնակվարձ, սննդի գումար, հագուստ, մանկական խմբակներ և այլն), ցանկալի (զբոսանք ու այցելություններ սրճարաններ, թատրոններ, կարուսել և այլն), կուտակային (գումար ենք հավաքում հանգստի գնալու կամ մեքենա գնելու համար) և ոչ պարտադիր (խաղալիքներ, քաղցրեղեն)։
Գիտենալով, թե ինչքան գումար է ծախսվում, երեխան արդեն կսովորի նախահաշվարկ անել և պլանավորել։ Երեխայի հետ միասին որոշակի նպատակ մտածեք և սկսեք դրա համար գումար հավաքելու միջոցներ գտնել։ Մի մոռացեք նպատակակետին հասնելու համար մրցանակ սահմանել։
Երեխային նման եղանակով ծախսերի հետ ծանոթացնելը փոքրիկի համար շատ բաներ սովորելու առիթ կդառնա։
Կատարում ենք խնայողություններ
6-7 տարեկան երեխաներին առաջարկեք գումար «հետ գցել»։ Դա ոչ միայն փողի հանդեպ ճիշտ վերաբերմունք դաստիարակելու ևս մի քայլ կլինի, այլ նաև երեխային կմղի ինքնուրույնության։
Միակ նրբությունն այս դեպքում խնայողության նպատակի ճիշտ ընտրությունն է, այլապես այն շատ շուտ կձանձրացնի երեխային։ Նման նպատակ կարող է լինել շատ ցանկալի խաղալիքի համար գումար հավաքելը։
Գրպանի ծախսեր
Երեխային առաջին առօրյա ծախսերի գումարը պետք է հատկացնել արդեն 6-7 տարեկան հասակում (չնայած, դա ծնողի ընտրության խնդիրն է)։
Բացատրեք երեխային, թե ինչի համար է հատկացվում այդ գումարը և նրան ընտրության հնարավորություն տվեք։ Թող նա ինքը որոշի ինչ գնել այդ գումարով՝ պաղպաղակ թե կոնֆետ։ Կարող եք նրան հուշել, այդ գումարը խնայել հետագայում նոր խաղալիք գնելու համար։
Գրպանի գումարը երեխային պետք է տալ շաբաթը մեկ անգամ, կոնկրետ օր։ Ընդ որում, գումարը պետք է հստակ լինի։ Այն կարող է աճել տարիքի հետ միասին, բայց ոչ ծախսերի աճին զուգընթաց։
Ի՞նչ չի կարելի անել
Որոշ ծնողներ երեխային կատարած աշխատանքի կամ լավ առաջադիմության համար «վարձատրում» են։ Իհարկե, հետաքրքիր գաղափար է։ Սակայն, չպետք է մոռանալ, որ երեխայի մոտ պետք է հետաքրքրությունն առաջանա հենց ուսման, այլ ոչ թե գումար վաստակելու հնարավորության համար։
Աղբյուր՝ Փոքրիկ.am